Իոսիֆ Պալյան
ՃՇՀԱՀ դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու
Սպիտակի երկրաշարժի 20 ամյակի առթիվ ստեղծված www.spitakseism.info ինտերնետային կայքում տեղադրված մեր՝ «Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները» ծավալուն հոդվածում, որը մենք գրել ենք 1989 թ. փետրվար-սեպտեմբեր ամիսներին, միայն 10 էջ նվիրված է աղետի գոտու, մասնավորապես Լենինական քաղաքի /այժմ Գյումրի/ վերականգնման և վերակառուցման խնդիրներին: Մեր այդ հոդվածում, որը, նույնիսկ այսօր գրելու դեպքում, ավելի լավ չէի գրի, քան 25 տարի առաջ, ըստ էության, բավականաչափ մանրամասն վեր են հանված նշված խնդիրները: Մեզ համար անհասկանալի պատճառներով հոդվածը երկար տարիներ չէր տպագրվում, և, միայն վերջերս, Սպիտակի երկրաշարժի 25 ամյակի առթիվ. այն լույս տեսավ «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագրի 2013 թ. 12 համարում «Սպիտակի երկրաշարժ. 25-ամյա վաղեմության վավերագրեր» վերնագրով»: Ընթերցողը այժմ հնարավորություն ունի ծանոթանալ Սպիտակի երկրաշարժից տուժած քաղաքների վերականգնման և վերակառուցման խնդիրների վերաբերող մեր մտահոգություններին, կարդալով կայքում տեղադրված և ամսագրում տպագրված մեր այդ հոդվածները [1,2]:
Չնայած երկրաշարժին հաջորդած ամիսների ծանրագույն իրողություններին, անհրաժեշտ էր ճիշտ որոշումներ ընդունել քաղաքների վերականգնման և վերակառուցման վերաբերյալ: Մեր կարծիքով, Լենինականի վերականգնման և գլխավոր հատակագծի մշակման ժամանակ ընդունված որոշումները լավագույնը չէին, որը այսօր էլ ազդում է քաղաքի զարգացման վրա: Վերևում հիշատակված մեր հոդվածներում նշվում է այն դրամատիզմի մասին, որով ընթացան Լենինականի գլխավոր հատակագծի քննարկումները, սակայն արդյունքում ընդունվեցին ոչ ճիշտ որոշումներ: Իրենց իրավացիության մեջ համոզված մի խումբ մասնագետների փաստարկները հաշվի չառնվեցին, գուցե նաև այն պատճառով, որ այդ փաստարկները այն ժամանակ ոչ բոլորի համար էին ընկալելի: Օգտվելով ինտերնետի հնարավորություններից, այսօր ավելի հեշտ է հասկանալ 25 տարի առաջ կատարվածի ճիշտ կամ սխալ լինելը, ինչը նախկինում հնարավոր չէր: Ներկա հոդվածում փորձ է արված, Լենինականի վերականգնման և վերկառուցման օրինակի և ինտերնետային քարտեզներրի օգտագործման միջոցով, ընթերցողին հնարավորություն տալ ավելի լավ հասկանալ 25 տարի առաջ գրված հոդվածում մեր արտահայտած մտահոգությունները: Բնական է, մեր բացատրությունները ավելի ըկալելի կլինեն, եթե ընթերցողը ծանոթանա մեր հոդվածին` նշված աղբյուրների`կայքի կամ ամսագրի միջոցով, թեև որոշ մեջբերումներ 25-ամյա վաղեմության հոդվածից անպայման կլինեն: Ընդ որում, դիտելով քաղաքների, մասնավորապես Լենինականի /այժմ Գյումրի/ արբանյակներից նկարահանվող քարտեզները, այսօր ամեն մարդ կարող է ինքնուրույն հասկանալ 25 տարի առաջ կատարվածի ճիշտ կամ սխալ լինելը: Ներկա հոդվածում խոսելու ենք Լենինականի ամենից շատ տուժած Եռանկյունի և Վարդբաղ կամ Բուլվարային թաղամասերի և նորակառույց Անի և Մուշ թաղամասերի խնդիրների մասին: Լուրջ խնդիրներ կան կապված Լենինականի արդյունաբերական թաղամասերի, օրինակ Տեքստիլ կոմբինատի, Նոր Ախուրյանի և Շաքարի գործարանի տարածքների կառուցապատման ճիշտ կամ սխալ լինելու հետ, բայց տեղեկատվության պակասի պատճառով այդ հարցերին ներկա հոդվածում մենք չենք անդրադառնա:
Երկրաշարժից առաջ Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը կազմելիս թույլ էին տրվել անճշտություններ (նկ. 1): Վաղուց նկատվել էր, որ որտեղ էլ գտնվելիս է եղել երկրաշարժի էպիկենտրոնը, նրա ուժգնությունը Լենինականի տարածքում ավելի մեծ է եղել, քան ուրիշ տեղերում: Ամերիկացի սեյսմոլոգները այդ երևույթը անմիջապես նկատել էին 1988թ. դեկտեմբերի 31-ի աֆտերշոկի գրանցումների հիման վրա, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակի և Կիրովականի միջև: Լենինականում գետնի ցնցումները ավելի մեծ ուժգնությամբ էին եղել, քան կարելի էր սպասել:
Այդ երևույթի բացատրությունը կապված է այն բանի հետ, որ Լենինականի տարածքի տակ 200-300մ խորությամբ լճային նստվածքներ են: Վերևից այն տեղ-տեղ ծածկված է հրաբխային մոխիրից առաջացած տուֆի բարակ 2-7 մ հաստության շերտով, որը չէր կարելի ըստ սեյսմիկ հատկությունների 1-ին կարգի գրունտ համարել: Սակայն քաղաքի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը կազմելիս, որի վրա աշխատանքները սկսել էին 1973 թ. և ավարտվել 1980 թ., այս հանգամանքը հաշվի չէր առնվել: Քաղաքի որոշ տեղամասերում, որտեղ հիմնատակերը եղել են տուֆեր, գրունտները ըստ սեյսմիկ հատկությունների համարվել են 1-ին կարգի և սեյսմայնությունը 1 բալով իջեցվել է, որը, ինչպես նշեցինք, չէր կարելի անել: Եվ ստացվել էր այնպես, որ նույն քաղաքի տարածքում, իրարից ոչ հեռու տեղամասերում առանձնացվել էին 7, 8 և 9 բալանոց գոտիներ (նկ. 1) ընդունելով, որ նույն 8 բալանոց երկրաշարժի դեպքում 9 բալանոց գոտում երկրաշարժի ուժը 4 անգամ ավելի մեծ պետք է լինի, քան 7 բալանոց գոտում, որը հաճախ գտնվում էր 9 բալանոցի հարևանությամբ: Երկրաշարժից հետո Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման նոր քարտեզը կազմելիս թույլ էր տրվել նույն սխալը, բալայնության ճշտումը կատարվել էր գրունտների վերին 10-15 մ խորությամբ շերտերի ուսումնասիրության միջոցով: Ճիշտ է բալայնությունը քաղաքի ոչ մի տեղամասի համար չէր իջեցվել, բայց և առանձին տեղամասերին 10 բալ վերագրելը հիմնավորված չէր և չէր կարող հիմք ծառայել ինչպես հաշվարկային բալի ընտրության համար, այնպես էլ լավ պահպանված շենքերի քանդելու հարցի լուծման համար (նկ. 2): Խնդիրն այն է, որ մինչև երկրաշարժը Սպիտակի, Կիրովականի, Ստեփանավանի ինչպես նաև Լենինականի որոշ տեղամասերի հաշվարկային սեյսմայնությունը իջեցվել էր 1-2 բալով, այսինքն այդ տեղերում հնարավոր ամենաուժեղ երկրաշարժի ուժգնությունը փոքրացվել էր 2-4 անգամ: Երկրաշարժից հետո հակառակը կատարվեց: Առանց խորը ինժիներա-երկրաբանական և ինժիներա-սեյսմոլոգիական հետազոտությունների քաղաքների շատ տեղամասերի վերագրվեց 10 բալ: Հիմք ընդունելով նորմերի պահանջը, որ 10 բալանոց տեղամասերում շինարարություն չի թույլատրվում, քանդվում էին շատ լավ պահպանված շենքեր կամ արգելվում էր նոր շենքերի կառուցումը այդ տեղամասերում: Ի դեպ, Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման ստորև բերված քարտեզները (նկ. 1 և 2) կան նաև մեր հոդվածներում [1,2]:
Նկ. 1 Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը երկրաշարժից առաջ
Նկ. 2 Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզը երկրաշարժից հետո
Պատկերը, որը ուրվագծվեց Լենինականի բնակելի շենքերի հետազննումների նախնական փուլում հետևյալն էր:
Երկրաշարժին նախորդած 10 տարիներին Եռանկյունի թաղամասում կառուցված բացմահարկ 111 սերիայի կարկասապանելային շենքերի մեծ մասը փուլ էր եկել, իսկ կանգուն մնացածները ստացել էին ծանր վնասվածքներ և պիտանի չէին հետագա շահագործման համար (նկ. 3): Ինչպես հայտնի է, այդ շենքերը քանդվեցին պայթեցման միջոցով: Ներկայում նշված թաղամասում այդ կոնստրուկցիայի պահպանված ոչ մի շենք չկա (նկ. 3ա):
Նկ. 3 111 սերիայի կարկասապնելային շենքը փլուզված վիճակում
Երկրաշարժից առաջ Բուլվարային թաղամասում նույնպես կառուցվել էին 9 հարկանի 111 սերիայի կարկասապանելային շենքեր, իսկ երկրաշարժին նախորդած հինգ տարիներին նաև 9 հարկանի А1-451 КП սերիայի խոշորապանել 16 շենք, որոնք բոլորովին չէին տուժել երկրաշարժից և ենթակա էին շահագործման (նկ, 4): Ներկայում Բուլվարային թաղամասում այդ կոնստրուկցիայի շենքերի թիվը 30 է: 111 սերիայի 9 հարկանի կարկասպանելային բոլոր շենքերը քանդվել էին, ներկայում Բուլվարային թաղամասում այդ կոնստրուկցիայի պահպանված շենքեր չկան (նկ. 4ա):
Նկ. 3ա Եռանկյունի թաղամասի արբանյակային քարտեզը
Քանի որ մեր աշխատանքում օգտագործել ենք Լենինականի միայն այս երկու թաղամասերի փորձը, այդ պատճառով այլ տիպի շենքերի վարքին չենք անդրադառնա /մանրամասները տես www.spitakseism.info ինտերնետային կայքում տեղադրված մեր հոդվածում [1]/:
1988 թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու քաղաքներում ու մասնավորապես Լենինականում, բնակչության հիմնական զանգվածին տարհանելուց հետո, զուգահեռաբար ընթանում էին երկու գործընթացներ.
1/ Քաղաքը մաքրվում էր փլատակներից, հետազնվում էին կանգուն մնացած շենքերը, կազմվում էին այդ շենքերի տեխնիկական վիճակների վերաբերյալ եզրակացություններ,
2/ Մշակվում էր քաղաքի վերականգնման և կառուցապատման նախագծեր:
Նկ. 4 Բուլվարային թաղամասի պահպանված խոշորապանել շենք, որի շուրջը
քանդված 111 սերիայի շենքերի փլատակներն են
Ցավոք երկու աշխատանքներն էլ, մեր կարծիքով, ընթացան լուջ սխալներով, որոնց մասին մենք մանրամասն գրել ենք մեր հոդվածում [1] դեռ 25 տարի առաջ, երբ այդ աշխատանքները դեռ ընթացքի մեջ էին: Արդյունքում քաղաքի կենտրոնի և ննջարանային թաղամասերի համեմատաբար լավ պահպանված շենքերը անհարկի քանդվեցին, իսկ նոր թաղամասերը կառուցվեցին ոչ ճիշտ տեղերում:
Կումայրի բնակավայրը տեղի ընտրությունը 1600 տարի առաջ, գուցե, հիմնավորված է եղել Ախուրյան գետի վտակի ձորակով և համապատասխան ռելյեֆով, թեև բնակիչները չեն իմացել, որ իրենց բնակավայրը կառուցում են լճային նստվածքների վրա և, մինչև հիմա էլ դա լավ չեն պատկերացնում: Արևելյան Հայաստանը 1830 թ. Ռուսաստանին միացնելուց և Գյումրին Ալեքսանդրապոլ վերանվանելուց հետո քաղաքը նոր զարգացում ապրեց, բայց դուրս չեկավ իր բնական սահմաններից: Սակայն խորհրդային տարիներին, Լենինական վերանվանված քաղաքը բուռն զարգացում ունեցավ և դուրս եկավ իր բնական սահմաններից ու, չնայած 1926 թ. երկրաշարժի փորձին, չունեցավ լուրջ հատակագծային լուծումներ, որոնք հիմնավորված կլինեին երկրաբանական հետազոտությունների արդյունքներով:
Նկ. 4ա Վարդբաղ կամ Բուլվարային թաղամասի արբանյակային քարտեզը
Երկարաշարժին նախորդած տասնամյակում Վարդբաղ կամ Բուլվարային և Եռանկյունի թաղամասերի միջոցով Լենինականը ցարգացրել են դեպի Ախուրյան գետի կիրճը, որի խորությունը 50-60 մ է (նկ. 5 և 6): ՍԵյսմիկ տեսակետից այս հանգամանքը անբարենպաստ գործոն է համարվում և գուցե որոշ բացասական դեր է խաղացել հյուսիս-արևմտյան այդ երկու թաղամասերի ավերման գործում: Երկրաշարժից հետո Լենինականի նոր թաղամասերի կառուցապատման նախագծերը մշակելիս անտեսվեց այն հանգամանքը, որ այդ թաղամասերում շենքերը զանգվածային կերպով փլվեցին: Ըստ այդ նոր նախագծի նախատեսվում էր քաղաքի զարգացում նորից հյուսիս-արևմտյան ուղղությամբ, Ախուրյան գետի հունին զուգահեռ, դեպի Մարմաշեն գյուղը, որը նույնպես երկրաշարժից մեծ վնասներ էր կրել (նկ. 5, 5ա և 6):
Նկ. 5 Գյումրի քաղաքի արբանյակային քարտեզը` նորակառույց Անի, կիսավարտ Մուշ-2
և չկառուցապատված թաղամասերի հետ միասին
Նկ. 5ա Լենինականի սեյսմիկ միկրոշրջանացման ժամանակավոր քարտեզի վրա
տեղադրված են Եռանկյունի, Վարդբաղ կամ Բուլվարային, 25 տարում
կառուցված Անի, Մուշ-2 անավարտ /կիսակառույց/ թաղամասերը
Բնական է, այդպիսի սխալ մոտեցումով մշակված նախագիծը հաջողություն ունենալ չէր կարող և 25 տարի անց կառուցապատվել է միայն նոր թաղամասերի գլխավոր հատակագծի մի փոքր մասը՝ Անի և Մուշ-2 թաղամասերը (նկ, 5, 6 և 7, 8), որոնց կառուցումը ոչ մի իմաստով արդարացված չէր, և այդ մասին մենք գրել ենք դեռ 25 տարի առաջ գրված մեր հոդվածում [1,2]: Մարմաշենից ոչ հեռու Մուշ-1 թաղամասում կառուցվել է ընդամենը մեկ-երկու շենք, իսկ Մուշ-2 և Մուշ-1 թաղամասերի միջև ընկած 2 կմ ձգվող տարածքում տեսանելի են կիսակառույց շենքերի հիմքերը միայն (նկ, 5 և 6):
Նկ. 6 Գյումրի քաղաքի Եռանկյունի, Բուլվարային թաղամասերի արբանյակային քարտեզը
նորակառույց Անի, կիսավարտ Մուշ-2 և կիսակառույց թաղամասերի հետ միասին
Բոլոր այդ քարտեզները ուշադիր զննելու դեպքում /մեր հոդվածում բերված և կամ էլ իտերնետով/, ընթերցողը կարող է համոզվել, որ Լենինականի /այժմ Գյումրի/ կառուցապատումը հյուսիս-արևմտյան ուղղությամբ ճիշտ չի եղել և շարունակել այդ ուղղությամբ շինարարությունը, նշանակում է խորացնել նախկինում թույլ տրված սխալը: Մեր հոդվածներում [1,2] մենք գրել ենք ոչ միայն այն պատճառների մասին, թե ինչու այդպես եղավ, այլ սպասվող հետևանքների մասին, որոնց փորձությանը ենթարկվում են այդ թաղամասերի բնակիչները երկու տասնյակից ավել տարիներ:
Նկ. 7. Անի թաղամասի արբանյակային քարտեզը
Նկ. 8 Մուշ-2 թաղամասի արբանյակային քարտեզը
Գրականություն
1. Պալյան Ի. Ս. Սպիտակի երկրաշարժի դասերը և աղետի գոտու վերականգնման խնդիրները: Երևան, 1989 թ., 35 էջ, www.spitakseism.info կայքում, հունվար 2008 թ.
2. Պալյան Ի. Ս. Սպիտակի երկրաշարժ. 25-ամյա վաղեմության վավերագրեր: Ճարտարապետություն և շինարարություն, հատոր 12, Երևան, 2013 թ. էջ 30-49
5 դեկտեմբերի 2014 թ.